Բոլոր խաղաքարտերը հակամարտության այս իրավիճակում Պուտինի ձեռքում են. Բրայզա

05.04.2016, 12:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թվականից հետո ամենալուրջ բախումն այն ժամանակ, երբ այդ երկրների նախագահները Վաշինգտոնում էին:
Բոլոր խաղաքարտերը հակամարտության այս իրավիճակում Պուտինի ձեռքում են. Բրայզա
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թվականից հետո ամենալուրջ բախումն այն ժամանակ, երբ այդ երկրների նախագահները Վաշինգտոնում էին, խոսում է այն մասին, որ ոչ մի նախագահ չի հրահանգել մարտական գործողությունների մեկնարկ, «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Բրայզան այս համատեքստում ենթադրություն է հայտնել, որ կողմերից մեկի տեղական հրամանատարներից մեկն է նախաձեռնել բախումը, հնարավոր է` արտաքին ուժերի քաջալերմամբ։ Նա ավելացրել է նաև, որ ԱՄՆ–ի ոչ մի նախագահ կամ փոխնախագահ չի կարող անձամբ իր ներգրավումն ունենալ որպես միջնորդ, երբ կողմերի նախագահներն իրենք են մարտեր նախաձեռնում։

Նա ընդգծել է, որ հակամարտության կողմերն են պատասխանատու կարգավորման համար, և ոչ միջազգային հանրությունը` պատասխանելով պարբերականի թղթակցի` հակամարտության սրման իրավիճակում կողմերի վրա միջազգային հանրության ազդեցության վերաբերյալ հարցին։

Բրայզան միաժամանակ հավելել է, որ միջնորդներն ու այլ ուժեր կարող են միայն օգնել, բայց այն էլ այն դեպքում, երբ նախագահները պատրաստ են զիջումների։

Նրա կարծիքով, ՄԽ–ի պաշտոնական հայտարարությունը թույլ է, քանի որ ներկայիս իրավիճակում Մինսկի խումբը պետք է համապատասխան աննախադեպ հայտարարություն կատարեր և ջանքեր գործադրեր։

Այն հարցին, թե ո՞րն է այս իրավիճակում ԱՄՆ–ի դերակատարությունը, Բրայզան նշել է, որ իր երկրի արձագանքը բավականին թույլ էր։ Գործնականում որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, այլ միայն պետքարտուղար Ջոն Քերիի հաղորդագրությունը։ Նկատելով, որ կոնկրետ քայլեր են եղե միայն Ռուսաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կողմից, նա այդ ամենը «վախեցնող ուղերձ է» անվանել, «որ բոլոր խաղաքարերը Պուտինի ձեռքում են»։ -0-