Այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո․ ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ:
«Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Ըստ Հարությունյանի՝ դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:
«Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին»,- գրել է նա:
ԱՀ նախագահը շեշտել է, որ մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում:
«Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»,-գրել է նա:-0-