Արցախցի զինծառայողները դիվերսիայի փորձ են կանխել

11.03.2016, 12:06
Ադրբեջանական կողմը նախօրեի գիշերը դիվերսիայի փորձ է կանխել:
Արցախցի զինծառայողները դիվերսիայի փորձ են կանխել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը նախօրեի գիշերը դիվերսիայի փորձ է կանխել, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Միջադեպը կատարվել է տեղական ժամանակով 23։20–ին։

«ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը»,– ասվում է հաղորդագրությունում։

Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: Հակառակորդն առնվազն երկու կորուստ է ունեցել, կան վիրավորներ։

Բացի այդ, մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-