Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ՊՆ-ն ներկայացրել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը:
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։
Հայկական կողմը, ցավոք, ունի երկու զոհ:-0-