ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքել է Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհերի թվի մասին համացանցում տարածված տեղեկությունները: Գերատեսչությունը պատասխանել է Facebook-յան օգտատեր Միքայել Մինասյանի (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան) հայտարարությունը այն մասին, որ վերջին արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմից մահացել է 4750 մարդ:
«Հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները: Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ»,- հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նրա խոսքով, մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:
Նա նաև նշել է, որ հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
«Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին և նրանց հարազատներին: Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել»,- նշել է Նիկողոսյանը: -0-