ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Загружается новость ... "Лево"
Ավելի ուշ, ԱԻՊԾ-ն հայտնել է, որ սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:
ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:
Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:
«Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ: Զանգահարեք 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-