Ադրբեջանը Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻ ՊԾ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի երկու խախտումների մասին։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:-0-