ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղեր այցից հետո, որտեղ գնացել էր տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:
Загружается новость ... "Лево"
«Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Բեգլարյանը հայտնել է, որ իրավիճակը ներկայացրել է Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:
՛Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,- գրել է ԱՀ Օմբուդսմենը:-0-