ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության զինված լուծումն անընդունելի է, Facebook-յան իր էջում գրել է Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը:
Պատգամավորը ժամանել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումը անընդունելի է: Մենք հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղի հողը ԴԱԻՇ-ի (ИГИЛ) բարմալեյների ուժով չէ», - գրել է Միլոնովը:
Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում նույնպես մանրամասներ է հայտնել հանդիպումից՝ նշելով, որ քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»,- գրել է նա։-0-