Նախագահը Գանձասարում ներկա է գտնվել Մատենադարանի բացմանը

21.11.2015, 19:30
ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը:
 Նախագահը Գանձասարում ներկա է գտնվել Մատենադարանի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը, հայտնում է  երկրի ղեկավարի մամուլի գրասենյակը։

Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ:

Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարան:
 
Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։

Մինչ այդ ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի, ինչպես նաև զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին:

ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ:-0-