Հայաստանի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումը կգնահատվի որպես սադրանք

26.10.2015, 15:39
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը Բաքվում կգնահատվի որպես սադրանք, հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Հայաստանի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումը կգնահատվի որպես սադրանք
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը Բաքվում կգնահատվի որպես սադրանք, հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հոկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Նա նշել է, որ եթե բանակցությունները չշարունակվեն և խոսք լինի ռազմական գործողությունների մասին, ապա Հայաստանը, որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, համապատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում` ԼՂՀ–ի անկախության ճանաչումը։

«Չեմ կանխատեսում, որ դրանից հետո պատերազմ կսկսվի, սակայն կարծում եմ, որ դա կարող է հանգեցնել լարվածության աճի, հատկապես այն ժամանակ, երբ լարվածության և բռնության մակարդակն այդքան բարձր է։ Մեր այցի գլխավոր նպատակն է նվազեցնել լարվածության մակարդակը, բացառել զոհերի հնարավորությունը խաղաղ բնակչության շրջանում», – ասաց Ուորլիքը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` կողմերից ոչ մեկ չպետք է սրի լարվածությունը կամ սադրիչ գործողություններ ձեռնարկի։ «Ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն ընթանան այնպես, որ դրանք հանգեցնեն երկարատև կարգավորման», – ասաց Ուորլիքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-