ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճային ակումբի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը կարգավորվի, սակայն ոչ ոք դրանում հետաքրքրված չէ այնպես, ինչպես Ռուսաստանը։
Загружается новость ... "Лево"
«1992թ.–ին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը, սակայն հասկանալի է, ես 100%–ով վստահ եմ, որ այս գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Սակայն ոչ ոք դրանում հետաքրքրված չէ այնպես, ինչպես Ռուսաստանը, քանի որ դա մեզ համար շատ կարևոր է, և այդ ամենը կենդանի է», – ասել է նա։
Պուտինը հայտարարել է, որ հենց դրա համար Ռուսաստանը զբաղեցնում է այնպիսի դիրքորոշում, որը թույլ կտար վայելել երկու կողմերի վստահությունը, և կարևոր դերակատարություն ունենալ` որպես հակամարտության կարգավորման գործում դիրքորոշումների մերձեցման միջնորդ։
«Կցանկանայի, որպեսզի այդ փոխզիջումը գտնվեր։ Ինչպես գիտեք, ես շատ սերտ շփման մեջ եմ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Օրը մի քանի անգամ հեռախոսով զրուցում եմ նրանց հետ, օրը մի քանի անգամ։ Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները գտնվում են մշտական կապի մեջ», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 20–ին և 21–ին Մոսկվա են այցելել երկու երկրների արտգործնախարարները, և այսօր նրանք հանդիպում են Վաշինգտոնում ամերիկացի գործընկերների հետ և հույս ունեն, որ ԱՄՆ–ն կգործի Ռուսաստանի հետ ներդաշնակ, կօգնի կարգավորել հակամարտությունը։–0–