ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանն
«Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որ ա) Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում, և այդտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում», - հայտարարել է Ռուբինյանը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը:
«Այսինքն՝ այլ կերպ ասած՝ ոչ մի կերպով չանել գործողություններ, որոնք վտանգի կենթարկեն այդ ազատ տեղաշարժը։ Բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը, և հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե սևով սպիտակին գրված է այն, ինչ պիտի լինի, այսինքն՝ պայմանավորվածությունն արդեն կա, և այն գրված է, բանակցել ինչի՞ շուրջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է, այդ խախտվածությունը պետք է վերականգնվի», - նշել է ԱԺ փոխխոսնակը:-0-