ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Միլիարդատեր և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, ով համաձայնել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը,
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման նշանակությունը հանրապետության համար։
«Բոլորս պետք է հասկանանք, որ երբ խոսում ենք Արցախի ճակատագրի մասին, պետք է հիմնվել արցախցիների կարծիքի և որոշման վրա։ 1988թ.-ին սկսվեց ժողովրդի կամարտահայտման գործընթացը, մարդիկ հայտարարեցին, որ այլ կերպ են տեսնում իրենց տեղը խորհրդային տարածքում։ Ինձ թվում է՝ միանշանակ դրված է միայն մեկ հարց` Արցախի ապագան, այս հողի վրա ապրող մարդկանց ապագան պետք է որոշվի նրանց մասնակցությամբ։ Եվ այս իմաստով ցանկացած բանակցություն, որ հիմա ընթանում է, չի կարող լինել առանց Արցախի։ Սա այն բաներից է, որն անընդունելի եմ համարում։ Ես կարծում եմ, որ դա սխալ է», – ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը չունի մանդատ Արցախի փոխարեն որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու։ Եվ այս իմաստով միջազգային հանրությունը պետք է հասկանա՝ հումանիտար աղետը, որը կարող է տեղի ունենալ այստեղ, դրա պատասխանատվությունը կրելու են բոլորը։
«Այս իմաստով ռուս խաղաղապահների ներկայությունը զսպման շատ կարևոր տարր է: Եվ եռակողմ հարաբերությունների պահպանումն այն կողմերի միջև, ովքեր երաշխավորում են անվտանգությունը, մարդկանց, ովքեր ապրում են արցախյան հողի վրա և մեր հարևանի միջև բանակցությունների միակ հնարավոր մոդելն է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի իր բանակցություններն իր փոխհարաբերությունների մասով (Ադրբեջանի հետ), դեմարկացիայի, դելիմիտացիայի, միջանցքի հարցով, բայց Արցախի ճակատագիրն այնտեղ չի որոշվում։ Արցախի ճակատագիրը որոշվում է այստեղ` մեզ հետ», – ասել է Վարդանյանը։–0–