Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ–ն մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Գերատեսչությունից նշել են, որ բանաձևը «իրավիճակի ընկալման անհեթեթ և փաստերից կտրված» դրսևորում է։
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի Սենատի բանաձևը ցույց է տալիս, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև հիմա չի կարողացել լուծել այս խնդիրը», – նշել են Թուրքիայի ԱԳՆ–ից։
Ֆրանսիայի Սենատը նախօրեին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև։ Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով։
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: Բացի այդ, բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել Թուրքիայի հզոր աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, և ազդել ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման վրա այն տարածքներից, որոնք իրենց կողմից զբաղեցվել են ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից:
Բանաձևը կոչ է անում նաեւ հետաքննել Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն ու արգելված զենքի օգտագործումը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Ըստ բանաձևի նախագծի, Ֆրանսիան պետք է ակտիվորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում `ապահովելու համար հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքը` տրամադրելով լայնածավալ մարդասիրական օգնություն, ինչպես նաև նպաստելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:
Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, բայց պարտավոր չէ կատարել դրանք:–0–