Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան. Սինանյան (ՎԻԴԵՈ)
23:26
14 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան, հայտարարեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Արդյունքում այդ թռիչքը հետաձգվում է», – տեղեկացրեց Սինանյանը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստան է բերվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրերից` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոպա, Ուկրաինա և այլն։
Загружается новость ... "Лево"
Սինանյանի խոսքով, օգնությունը շարունակում է գալ։ Մասնավորապես, ամեն օր գալիս է հումանիտար օգնություն Ռուսաստանից` օդային և ցամաքային ճանապարհով։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–