ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահների և բացառում է Թուրքիայի միջնորդությունը հակամարտության կարգավորման հարցում։
Загружается новость ... "Лево"
Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժերի կազմում չպետք է լինեն Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում` Միացյալ Նահանգները կամ հարևան երկրները։ Թուրքական միջնորդության կամ խաղաղապահ դերակատարության ցանկացած տեսակ անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղապահ ուժերի ստեղծման ուղղությամբ, որոնք հնարավոր կլիներ տեղակայել տարածաշրջանում հրադադարի ռեժիմը պահպանելու համար», – ասել է Օ’Բրայենը։
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտագործում է «նավթային» փողերը ռազմական տեխնիկա գնելու համար և ստանում է տեխնիկական օգնություն Թուրքիայից։ Չնայած, որ Թուրքիան ժխտում է, զանգվածային լրատվամիջոցներում հայտնվում են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների։
Օ’Բրայենը նաև ափսոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը չի պահպանվում` նշելով, որ Ադրբեջանը «տատանվում է» այդ հարցում։
Նա ևս մեկ անգալ հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի և անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանին։–0–