Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ. ԱՀ նախագահի խոսնակ

11.10.2020, 00:25
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ. ԱՀ նախագահի խոսնակ
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ. ԱՀ նախագահի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

Այս մասին նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–յան իր էջում։

«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը», – ընդգծել է Պողոսյանը։

Հիշեցնենք, որ չնայած կրակի դադարեցման համաձայնագրին, Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվել է հակառակորդի կողմից։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–