ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում, հաղորդում է Արցախի ՔԿ–ն Facebook–յան իր էջում:
«Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին փոխանցվելու է Արցախի իրավապահներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում