ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԺ–ում քննարկման է ներկայացվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ռուսաց լեզուն դարձնել Արցախի երկրորդ պետական լեզուն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևորվում է նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը:
«Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը», – նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
«Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում», – նշվում է հիմնավորման մեջ։–0–