Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ

08.08.2022, 12:44
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։

«Արցախի երեխաների անվտանգությունը բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար: Կարծում եմ, չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել հենց հիմա կանգնեցնելու ռազմական էսկալացիան և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը», – նշվում է Վարդանյանի Facebook–յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նրա խոսքով, նման նախաձեռնությունը պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը:

Վարդանյանը նշել է, որ անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը պատրաստ չէ լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:

«Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի», – ընդգծել է նա։

Միաժամանակ Վարդանյանը կարծում է, որ աշխարհը, որը բարոյախոսում է մարդկային կյանքի արժեքի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին, պետք է ամենակոշտ գնահատականը տա Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին:

Վարդանյանը նաև վստահ է, որ չի կարելի հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա:

«Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու: Ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին: Այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ: Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին։ Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ, ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի: Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան», – եզրափակել է նա։–0–