568.13
6.53
482.28
+26
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պատասխանել է Քոչարյանին, ո՞վ է պատասխանատու ղարաբաղյան բանակցությունների ձախողման մեջ (ՎԻԴԵՈ)

12:20
05 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում իր հասցեին հնչող մեղադրանքներին։
Ներկայացնում ենք վարչապետի ուղերձն առանց փոփոխության.

«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել Հայաստանում:

Ով, կներեք հազար անգամ, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր եւ մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:

Загружается новость ... "Лево"

Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եւ այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ:

Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր՝ փաստաթղթավորված, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան, կներեք հազար անգամ, եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ, էնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա:

Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես այս ինչի՞ մասին եմ խոսում: Իսկ ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք էդքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը ու առնվազն մթագնում է, ու ոմանք որոշել են օգտվել այդ առիթից: Նկատի ունեմ՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում: Որ՝

ա) Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը,

բ) եւ որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ։

Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել։ Վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել՝ դուրս գալ այդ կախարդական շրջանից։

Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ եւ ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր:

Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի, եւ սա է հարցի լուծման բանաձեւը: 1995 թվականին։

Загружается новость ... "Право"

Դիվանագիտական հաջողությունը 1998 թվականին բանակցությունների սեղանին դրված «Ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջը, եւ այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն:

Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով:

Դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան. Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի: Միայն եթե Ադրբեջանը համաձայնվի:

Դիվանագիտական հաջողությունը 2011 թվականի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը էստեղ-էնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում:

Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Загружается новость ... "Лево"

Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013 թվականից Ադրբեջանը սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: Ինչո՞ւ:

Շատ պարզ պատճառով, որովհետեւ երբ մտնում ես - կներեք էս զավեշտի համար, բայց չեմ կարող չասել - երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ: Շատերդ չեք հավատա, իրոք, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է:

Այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել են, մեզ այսօր ասում են, որ մենք դիվանագիտությունը ձախողել ենք։

Դիվանագիտական հաջողությունը 2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Բա լավ, մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես պնդում եք, դուք՝ լավ: Եթե էդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացված առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից:

Բա դուք լավ դիվանագետ էիք, էդ ինչպե՞ս եղավ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց: Որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր: Այսինքն՝ ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այդ իրավունքը։

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետեւանքներից խուսափելու գործում ենք ձախողվել: Սա է ճշմարտությունը:

Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափող էիք, 2016 թվականին խուսափեիք պատերազմից: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա:

Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց։ Որովհետեւ մեզ ասվում էր. քանի որ նախկինում Հայաստանը արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով:

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով: Նկատի ունեմ՝ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եւ, ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը: Ու ասել եմ ինչ գնով: Բա էն ժամանակ ինչո՞ւ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը:

Հիմա, ի դեպ, պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է:

Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին եւ այլն: Եւ ես ապշած եմ ուղղակի ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ:

Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել:

Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. թե մենք եկանք եւ 2 տարվա մեջ բանակը քանդեցինք: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ օդը չփակեցիք, կամ ինչո՞ւ օդը փակ չէր: Օդը չակերտավոր փակ էր, պարոնայք եւ տիկնայք, որովհետեւ 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով, 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր: Բայց՝ ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես։ Չեն աշխատում ուղղակի: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով:

Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում. ասում է՝ Սու 30-ների համար ինձ ժամանակին ատկատ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց չաշխատող սարքերը առանց ատկատի եք գնե՞լ: Էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը, 42 միլիոն դոլարով, գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում:

Եւ այս փաստից ուշադրություն շեղելու համար արդեն մի քանի ամիս թեմա են դարձրել ՕՍԱ-ԱԿ համակարգերի գնումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ զենք են: Նախ՝ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում, իսրայելական «Հերմես-900» անօդաչու թռչող սարքը, որը խոցվել է հուլիսին Տավուշում՝ առաջին անգամ, եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, ահա այդ խոցումը տեղի է ունեցել ՕՍԱ-ԱԿ համակարգով:

Հիմա մեր առաջ հարց են դնում. ասում են՝ ինչո՞ւ չեք գնել սա բանակի համար, ինչո՞ւ չեք նա գնել բանակի համար: 2.5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք: 2.5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, այո, ինքնաթիռներ գնեինք: Այո՝ մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել: 2 տարվա ընթացքում մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել։ Լավ, մենք 2 տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18, 20 տարվա մեջ ինչու՞ չեք գնել: Էդ ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարեւոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը: Որովհետեւ մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս որ գրվում է օքուփայդ, ուրեմն ամեն ինչ լա՞վ է լինելու:

Հիմա էլ ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել: 15 օր է՝ այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետեւ չկա նման որոշում: Հիմա երեւի այդպիսի ժամանակներ են, ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել:

Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, եւ այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել:

Լավ է, գոնե հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջող ավարտելու շանս կար: Ինչո՞վ է կարեւոր. նրանով, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր: Բայց ինչո՞ւ չեղավ հաջողություն: Ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ այն վկայությունները, իմիջիայլոց, առաջնագծից եկած զինվորների վկայությունները, թե պատերազմի առաջին օրից ինչ-որ մարդիկ առաջնագծով լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, թե Նիկոլը հողերը ծախած է, կռիվն անիմաստ է: Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամիսներ առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում: Էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալների շուրջ։ Դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են:

Իսկ գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր:

Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, եւ այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում: Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ։ Ինչո՞ւ։ Որ շատ բաներ, որ շատ ճշմարտություններ չբացահայտվեն այս պատերազմի մասին։ Բայց այդ ճշմարտությունները չեն կարող չբացահայտվել։

Ամեն դեպքում մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի: Եւ դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլյացիաների: Ու եթե ուզում ենք արդյունավետ տեղի ունենա, պետք է տեղի ունենա հանդարտության, հանդարտ, աշխատանքային պայմաններում։ Այս աշխատանքը անպայման կկատարվի, բայց իրական վերլուծության համար հանդարտություն է պետք, իսկ այսօր բոլորս ալեկոծված ենք»:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Հուլիսի 2021
Կրակել է ինքն իրեն. հայտնի են Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները
Հայտնի են Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները
11:03
27 Հուլիսի 2021
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
10:15
27 Հուլիսի 2021
Ադրբեջանցիները ծեծել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել արցախցի գերուն, նա վերադարձվել է (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները ծեծել և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել արցախցի գերուն, նա վերադարձվել է.ՖՈՏՈ
17:33
26 Հուլիսի 2021
Սոցցանցերում գրում են Քաշաթաղի մարտական դիրքերում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին․ՊԲ-ն մեկնաբանում է
Սոցցանցերում գրում են Քաշաթաղի մարտական դիրքերում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին․ՊԲ-ն մեկնաբանում է
17:21
26 Հուլիսի 2021
Արցախի Մարտունու շրջանի գերեվարված երիտասարդը վերադարձվել է
Արցախի Մարտունու շրջանի գերեվարված երիտասարդը վերադարձվել է
15:06
26 Հուլիսի 2021
Դավիթ Բաբայան. «Եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ»
Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, «դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ»
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
22:27
22 Հուլիսի 2021
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում
15:26
20 Հուլիսի 2021
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկել
Կայացել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը
20:16
18 Հուլիսի 2021
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
10:25
16 Հուլիսի 2021
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
13:44
14 Հուլիսի 2021
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները