ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով։
«Վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում», – ասել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով։
«Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան», – ասել է նա:
Նա նշել է, որ սա է պատճառը, որ հայերն ասում են՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում»։
«Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի», – հայտարարել է վարչապետը։–0–