Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն

15.11.2021, 20:10
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 13–ի վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Գեղամ Ստեփանյանը հետաքրքրվել է առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

«Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին», – նշել է Ստեփանյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն:–0–