ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է, թե ինչպես է ընթացել Շուշիի ճակատամարտը։
«Շուշիի շուրջ իրականացվող գորոծղությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ կարող եմ բերել, որ մեր մամուլի խոսնակը կամ մեր ներկայացուցիչը նկարագրում էր մի իրավիճակ, մինչև իր նկարագրման ժամանակահատվածը փոփոխություններ էին կատարվում։ Իրականացվում էր հրթիռահրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր, շրջափակված էր», – ասաց Տոնոյանը։
Նա նաև ավելացրեց, որ հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում։
«Որոշակի ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն, և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը։ Բայց այդ ուժերի ներկայությունը չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել Շուշիի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու առումով», – ասաց Տոնոյանը։
Նա կարծում է, որ ՊՆ–ն շատ ազնիվ կերպով ներկայացրել է իրավիճակը։
Հակառակորդի կողմից իրականացվող գործողությունները ու մեր պատասխանները, ոչնչացումն այդ քանակության սպառազինության, ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի պատկերը նկարագրում էր, թե ինչ ինտենսիվության ռազմական գործողություններ էր իրականացվում։
«Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ։ Որոշ ժամանակ անհրաժեշտ էր հակառակորդին մոլորության մեջ գցել։ Տեղեկատվական գործողությունների որոշ սկզբունքներ գոյություն ունեն։ Անհրաժեշտ է նաև եղել մեր հասարակությանը, մեր ժողովրդին, մեր բանակին ոգևորել։ Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվություն չենք տրամադրել և հասրակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ», – նշեց նա։–0–