Մարտունիում հրթիռակոծության հետևանքով 59-ամյա բնակիչ է մահացել. Արցախի ՄԻՊ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
«Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս»,- նշվում է ՄԻՊ-ի զեկույցում:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:-0-