ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Ինչպես նշվում է Հարությունյանի Facebook–յան էջում, Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ:
«Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն» – ընդգծել է Արցախի նախագահը:
Նրա խոսքով, մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:
«Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները», – ընդգծել է Հարությունյանը:–0–