ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հեռախոսազրույցը, հաղորդում է
Կրեմլի պաշտոնական կայքը։
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը մանրամասն իրազեկել է իրանցի գործընկերոջը Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին, որոնք ուղղված են այդ տարածաշրջանում լարվածության թուլացմանը։
Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ընդունված` հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածություններին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելուն ուղղված առարկայական բանակցությունների մեկնարկին։
Քննարկվել է նաև Իրանական միջուկային ծրագրի մասով գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումը։ Կարևորվել է միջազգային անվտանգության համար այդ առանցքային համաձայնագրի պահպանումը։
Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարին, մասնավորապես, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարներին։
Զրույցի ընթացքում Հասան Ռոուհանին ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին անցած ծննդյան օրվա կապակցությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումը։–0–