ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները Ֆրանսիայից և Իսրայելից եկել են Հայաստան` շտապելով օգնություն ցուցաբերել պատերազմող հայրենիքին։
Ժամեր անց հայրենադարձ կամավորներն իմացել են, որ ադրբեջանական քարոզչական մեքենան նրանց դարձրել է «վարձկաններ»։
Տղաների մասին ռեպորտաժ է ներկայացրել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Շատ չգիտենք զենք բռնել, բայց լավ սուրճ ենք սարքում», – կատակում է դերասան Սիփան Մուրատեանը, ով Ֆրանսիայից է։
Իրենց զենքը լեզուներն են, տղաներից ամեն մեկը չորս և ավելի լեզուներ գիտի։ Հիմա պատերազմի ճանապարհին հսկում են Արցախ մտնող, այնտեղից դուրս եկող ամեն մի մեքենա։ Ով հայերեն չի խոսում, նրանց հարցուփորձի գործը տղաներին է հասնում։ Ճանապարհներն անվտանգ պահելու համար քնում են բաց երկնքի տակ` մեքենաներում, ապրելու միջոցներն էլ համեստ են։
«Չէի ուզում մնալ Ֆրանսիայում ու նայել Ինստագրամում կամ Թվիթերում։ Ուզում էի գալ ու օգնել մարմնով և մտքով», – ասում է Մուրատեանը, ով Ֆրանսիայում թողել է դերասանի կարիերան, ի դեպ նրան Փարիզում Ժան Ռենոյին են նմանեցնում։
Սիփան Քէորողլեանը Փարիզում է թողել տավիղը, երաժշտության դասերն ու փոքրիկ աշակերտներին։ Ափո Սահակեանն էլ Իսրայելից է, թողել է ժողովրդական երգերի նոր ձայնագրությունները, Սեդրակ Պալեանն էլ` ուսումն ու հախճապակիների գործը։ Սեպտեմբերի 27–ին տոմս էին գնել ու եկել Հայաստան։
Նույնիսկ եթե զենքը բռնելու հերթն իրենց հասնի, երկար մտածելու կարիք չկա, երկու կտոր հողը, որ մնացել է մեզ, պիտի անպայման պաշտպանենք։
«Պատրաստ ենք, մեր հայրենիքն է ի վերջո», – ասում է Ափոն։
«Պետք է կառուցենք երկիրը բոլորս միասին, ուժեղանանք, որ թշնամին, երբ ուզում ա, այլևս չկրակի, չռմբակոծի, տասն անգամ հաշիվ անի», – ասում է Սեդրակը։
Սիփանը Հայաստանում միտք ունի սեփական թատրոնը ստեղծել։ Հայաստանում ապրելու ցանկությունը մեծ է։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքն արդեն հարյուր տարի է` Երուսաղեմում հայկական հախճապակու արտադրություն ունի։
Սեդրակն ասում է, որ ունեն ծրագրեր հայկական հախճապակին բերել Հայաստան։–0–