ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն չի տեսնում։
Այս մասին Սարգսյանը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի», – նշել է ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի:
«Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային», – ընդգծել է Սարգսյանը։–0–