ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ԼՂ հակամարտության գոտում գրոհայինների առկայության փաստը` հայտարարելով, որ անհրաժեշտ է լուծել այդ հարցը։
Загружается новость ... "Лево"
Նա նման պատասխան է տվել ուրբաթ ՌԴ ԱԳՆ–ի ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը հաստատում է Ղարաբաղի շրջան Մերձավոր Արևելքից գրոհայինների տեղափոխման փաստը, մեղավորները պատժվելու՞ են։
«Գրոհայինները, ցավոք, որոնց տեղափոխում էին, չեն անհետացել և չեն գոլորշիացել, սա կոնկրետ տեղեկատվություն է, որը հիմնվել է գոյություն ունեցող փաստերի վրա, դրանք հաստատել է ոչ միայն ռուսական կողմը, մենք դրանց մասին խոսել ենք, երբ հայտնի է դարձել և ներկայացրել ենք մեր փաստարկը», – ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուսական կողմը ելնում է այն կարծիքից, որ այս հարցը պետք է լուծվի, և դրանում պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։
«Մեր կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետները։ Սակայն կարծում եմ, որ այս հարցը հիմնականում պահանջում է մասնագետների կոնկրետ աշխատանք և հետո` հաշվետվություն արդյունքների մասին, այլ ոչ թե հակառակը», – ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ ՌԴ ԱՀԾ–ն հստակ տեղեկություններ է ստացել, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են Արցախի մարտերում։–0–