ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և հայ դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊՆ–ից հավելել են նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
«Ըստ այդմ՝ դիվերսիոն հարձակումը հենց այս բրիգադի զինծառայողներին էր վստահվել, սակայն ՊԲ դիրքապահներին հաջողվեց այն հետ մղել», – նշել է Աբրահամյանը։–0–