ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կիրակի տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։
Ղարաբաղի հարցի համատեքստում նախարարները հաստատել են միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը, այդ թվում` ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, ՅՈւՆԵՍԿՕ–ն և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու, հումանիտար խնդիրները լուծելու, տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանման նպատակով։
Նախագահներ Պուտինի և Ալիևի կապերի համատեքստում նախարարները մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության կատարման ընթացքը։ Առանձին ուշադրություն է դարձվել նշված հայտարարության կողմերի գործնական քայլերի համակարգմանը ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրա աշխատանքի կազմակերպման համատեքստում։
Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է աշխատանքի հիմնական ուղղությունների մասին, որոնք վերաբերում են ՌԴ նախագահի նոյեմբերի 13–ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին» հրամանագրի կատարմանը։–0–