Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի տարելիցն է․ «Եռաբլուրում» հարգեցին զոհերի հիշատակը

19.09.2024, 11:16
Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հարգել են 2023թ․–ի սեպտեմբերի 19–20–ը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած լայնածավալ զինված ագրեսիայի ժամանակ զոհվածների հիշատակը
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի տարելիցն է․ «Եռաբլուրում» հարգեցին զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հարգել են 2023թ․–ի սեպտեմբերի 19–20–ը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած լայնածավալ զինված ագրեսիայի ժամանակ զոհվածների հիշատակը։

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի դեմ կիրառել է հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավիացիա։ Արցախի բնակիչները ստիպված եդան լքել հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառվել և գրանցվել է ավելի քան 115 հազար արցախցի։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց հանրապետության բոլոր պետական ​​կառույցները լուծարելու և 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։

Այց Եռաբլուր

Տարելիցի առթիվ Շահրամանյանը, Արցախի ղեկավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ը մեր հիշողության մեջ կմնա որպես այն օր, երբ 10-ամսյա շրջափակման, ապա 4-ամսյա ամբողջական պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, ինչի հետևանքով մարդիկ զոհվեցին և տուժեցին»,- լրագրողներին ասաց Շահրամանյանը։

«Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից,  այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները»,- նշեց Շահրամանյանը։

«Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը», – ասաց Շահրամանյանը։

Նախագահը մեկնաբանել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, մասնավորապես, թե Արցախի ժողովուրդը հյուր է Հայաստանում։ «Ես մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է»,- ասել է Շահրամանյանը։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ որպես այդպիսին գոյություն չունի։