ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ին խորհրդարանում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ վրդովմունք հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։-0-