Արցախում սովորաբար սխալ են հասկանում իմ ասածը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

20.04.2023, 14:23
Փաշինյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Արցախի Ազգային ժողովում իրեն սխալ են հասկացել. ՎԻԴԵՈ
Արցախում սովորաբար սխալ են հասկանում իմ ասածը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Արցախի Ազգային ժողովում իրեն սխալ են հասկացել։

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները նախօրեին անթույլատրելի են համարել Փաշինյանի հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում հանրապետության կարգավիճակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։

«Մենք պետք է հարցը հասկանանք, պետք է հարցերի մեջ խորանանք, որովհետև եթե մենք հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, մենք անընդհատ սխալներ ենք գործում և գործել ենք։ Իմ ասածը դրա մեջ է։ Ես Արցախի Ազգային ժողովի կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասացը ուրիշ բան է», – ասաց վարչապետը։

Նա հայտարարեց, որ Արցախում սովորաբար սխալ են հասկանում. «Եվ չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել»։

«Բայց մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Եվ ուզում եմ ուշադրություն դարձնել հետևյալին` ի՞նչ հակափաստարկներ են հնչել։ Ես ասում եմ` եկեք գնահատականները մի պահ թողենք մի կողմ, որովհևետ այն, ինչ ասում եք, գնահատականների մեջ ոչ մի նորություն չկա», – հայտարարեց վարչապետը։

Փաշինյանն ապրիլի 18–ին ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանը հայեցակարգ է ունեցել 2007 թվականից առաջ։ Կոնցեպտը եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղն էլ մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից և եղել է թեզ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։–0–