Արցախի պատերազմը ՀՀ–ի համար շանս է փակել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության էջը, իսկ Ալիևի համար «լինելու–չլինելու» հարց է. Վրթանեսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում սկսված պատերազմը Հայաստանի համար շանս է վերջապես փակել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության էջը։
Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ժամանակ։
«Մեզ համար սա իրականում շանս է վերջապես փակել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության էջը։ Եթե ամեն ինչ ճիշտ անենք, համաձայնեցված, համերաշխ անենք, գուցե հնարավոր լինի Ադրբեջանից եկող սպառնալիքը շատ երկար ժամանակով չեզոքացնելու, չնայած, որ Թուրքիան իրենց մեջքին կանգնած է, և ըստ էության, գուցե և անուղղակի, մասնակցում է պատերազմին», – ասաց նա։
Վրթանեսյանը տեղեկացրեց, որ եթե ավելի վաղ դիվանագիտական լեզվով խոսում էին արցախա–ադրբեջանական հակամարտության մասին, ապա հիմա զարգանում է հայ–ադրբեջանական հակամարտություն, ագրեսորն Ադրբեջանն է, ինչին պետք է հետևեն համապատասխան հետևանքներ։
Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանն ակնհայտ նպատակաուղղված պատրաստվել է ագրեսիայի` հասկանալով, որ սկսում է պատերազմ։
«Չեմ կարծում, որ այդ գործողությունները 1–2 ամսվա էմոցիոնալ որոշումներ էին։ Սա, հավանաբար, նախօրոք պլանավորված էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից», – կարծում է նա։
Փորձագետի կարծիքով, կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանի նպատակներն այս անգամ շատ լուրջ են։
«Պետք է հասկանանք, որ սա հերթական միջադեպ չի, սա «դե լավ վերջացնենք» չի։ Սա նաև Իլհամ Ալիևի համար իշխանության լինելու–չլինելու, նույնիսկ գուցե իր ընտանիքի կյանքի և մահի հարց է», – հայտարարեց Վրթանեսյանը։
Դիտարկմանը, թե սա կարո՞ղ է ենթադրել խնդրի լուծում` փորձագետը նշեց, որ խնդրի լուծում կարող է լինել, եթե կողմերից մեկը պարտվի։
Նա նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի բոլոր օրինական, ֆորմալ հիմքերը ՀԱՊԿ դիմելու համար, քանի որ ըստ կազմակերպության կանոնադրության, հարձակումը անդամ երկրներից մեկի տարածքի վրա հավասարազոր է հարձակման ՀԱՊԿ–ի բոլոր անդամ երկրների վրա։ –0–