Արցախի նախագահը մեկնաբանել է ՊԲ–ի կազմալուծման և Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի տեղադրման մասին լուրերը

07.02.2021, 20:03
Արցախի նախագահը մեկնաբանել է ՊԲ–ի կազմալուծման և Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի տեղադրման մասին լուրերը
Արցախի նախագահը մեկնաբանել է ՊԲ–ի կազմալուծման և Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի տեղադրման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերքել է տարածվող լուրերը, որոնք վերաբերում են Արցախի բանակի և Արտաքին գործերի նախարարության կազմալուծմանը, Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից հրաժարվելու մասին։ 

«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ: Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց», – նշել է Հարությունյանը Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն։ 

«Սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն: Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս», – նշել է Արցախի նախագահը։

Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կատեգորիկ հերքել է լուրերն այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ։ Նա նշել է, որ Արցախի սահմանների պաշտպանությամբ զբաղվելու են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ։–0–