Արցախի նախագահն Ասկերանի շրջվարչակազմի հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը

12.04.2022, 12:49
Երկրի ղեկավարը անդրադարձել է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին
Արցախի նախագահն Ասկերանի շրջվարչակազմի հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։

«Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։–0–