ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:
Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:–0–