ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքն Արցախում ստեղծված լարված իրավիճակի և մարտերի նկատմամբ, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Արցախում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ հայտարարել է, որ Կրեմլը բոլոր կողմերին կոչ է անում դրսևորել առավելագույն զսպվածություն, հրաժարվել ռազմական մեթոդներից ու ցանկացած քայլերից, որոնք կարող են հրահրել իրավիճակի հետագա անցանկալի սրացում, որն առանց այդ էլ գտնվում է ռազմական բախման փուլում։
«Եղել են որոշակի մեսիջներ, սակայն ես նրա խոսքերում կարևորություն եմ տալիս նրան, ինչ որ նա ասել է։ Բայց այս պահին ամենակարևորը կրակի դադարեցնում է և այս իրավիճակը քաղաքական հուն տեղափոխելը։ Այսինքն նա էլ է խաղաղ ճանապարհի կողմնակից, և դա կարելի է ողջունել», – ասաց նա։
Загружается новость ... "Лево"
Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցի ընթացքում Մայիլյանը հիշեցրել է, ո Տավուշում հուլիսյան իրադարձություններից հետո Ռուսաստանի կողմից հնչեց հայտարարություն, որում ևս եղե է կոչ երրորդ կողմերին, որպեսզի նրանք չմիջամտեն։
«Այս դեպքում, երբ արդեն ագրեսիա էր Արցախի նկատմամբ, նման հայտարարություն չկա։ Սակայն Թուրքիայի միջամտությունն ու մասնակցությունն առավել քան ակնհայտ է։ Կա քաղաքական աջակցություն, և դուք գիտեք, որ նրանք մասնակցել են զորավարժությունների, նրանց ստորաբաժանումների մի մասը մնացել է (Ադրբեջանում), օգտագործվում է ռազմական տեխնիկա և այլն», – ասաց նա։
Արցախի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ օրինակ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հնչած հայտարարության նման հայտարարությունների միտումը կշարունակվի։
Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ–ն վճռականորեն դատապարտում է բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով, պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին դրդել երկու կողմերին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, կապի ուղիղ խողովակների օգտագործման` խուսափելով հետագա սրացումից։ Նա նաև կոչ է արել հրաժարվել անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի կբարձրացնեն լարվածությունը։
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–