«Անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները». Սերժ Սարգսյանն արձագանքել է Արայիկ Հարությունյանի հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
22:15
20 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ Արցախը կերազեր ունենալ այն նույն զենքերից, որոնք ձեռք է բերվել 2019-ին։
Նախօրեին Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է 2019-ին ձեռք բերված զինատեսակների մասին քննադատությանը, որտեղ նշվում է, թե դրանք թանկ էին ու ոչ այնքան լավը:
«Իհարկե, 2016-ին օդային հարված տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր ուզում եմ վստահ հայտարարել, որ ոչ միայն ամբողջ Ստեփանակերտի, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ։ Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն, իրենց նշած, հին կամ չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են։ Բացի դրանից նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք։ Գիտեք, ամենախոցելին մեզ համար օդն էր և այդ վտանգը կար նաև 1992-1994 թվականների։ Առաջնագիծն այսօր անգամներով ավելի անվտանգ է, քան երբևէ», – նշել է Արայիկ Հարությունյանը։
Սերժ Սարգսյանի արձագանքը
News.am–ին տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։
Նա, մասնավորապես, նշել է, որ եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, նա միայն ուրախ է և «երբեք ու երբեք ցեխ չի շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չի դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները»:
«Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը», – հայտարարել է Սարգսյանը:
Նա նշել է, որ շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարվել:
«Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել», – նշել է Սարգսյանը:
Նա ավելացրել է, որ բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան:
«Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր», – նշել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով։
«Անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում», – նշել է նա:
«Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը», – եզրափակել է Սերժ Սարգսյանը:–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ