Անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Արցախում ՀՀ-ից պահանջում են պարզաբանել Լավրովի խոսքերը

26.07.2023, 17:30
Անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Արցախում ՀՀ-ից պահանջում են պարզաբանել Լավրովի խոսքերը
Անասելի չափ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Արցախում ՀՀ-ից պահանջում են պարզաբանել Լավրովի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար։ Այս մասին նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Facebook-յան իր էջում։

«Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ», - նշել է Ներսիսյանը:

Նրա խոսքով, հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»:

«Սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները:
Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը:
Հետաքրքիր է, թե ինչու ոչինչ չեն խոսում ամեն գնով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և դրանից հետո հզորանալու ու հաղթանակներ արձանագրելու թեզի գաղափարակիրները», - նշել է Ներսիսյանը:

Մոսկվայում Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման արդյունքները


 Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Դրան նախորդել են ՌԴ ԱԳՆ ղեկավարի և Երևանի ու Բաքվի գործընկերների երկկողմ հանդիպումները։ Ինչպես նշվում է Լավրովի վերջնական մեկնաբանության մեջ, Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։

 Նա նաև նշել է, որ հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաներ։

 Լավրովի խոսքով, ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ, իսկ հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում։ -0-