ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն, Ադրբեջանը ստացել է», – գրել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։
Նրա կարծիքով, Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից: Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտի 29-ին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում