Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)

07.09.2021, 15:30
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բնակելի տուն է տուժել.ՖՈՏՈ
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։

«Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։ Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել», – նշել է Ստեփանյանը։ 

Նա նաև հայտնել է, որ դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։ «Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների 

համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։

Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։ Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ», – նշել է Ստեփանյանը։–0–