Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ

10.10.2020, 13:02
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը
Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։ 

«Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – նշել է Ստեփանյանը։ 

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ անտեսելով կրակի դադարեցումը` Ադրբեջանի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–