ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ մտադիր են հունիսի 8–ին կազմակերպել «քաղաքացիների երթ» Հորադիսից (Ադրբեջան) մինչև Շուշի (Արցախ)` արցախա–ադրբեջանական ԶՈւ–ների շփման գծով։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ակցիան մեկնարկել է հունիսի 5–ին Բաքվի կենտրոնում, իսկ հունիսի 8–ին մասնակիցները կհավաքվեն Հորադիսի Դրոշների հրապարակում` սահմանը հատելու նպատակով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է հայ փորձագետներին` խնդրելով մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Փորձագետներն այն բնութագրել են որպես Ադրբեջանի կողմից քարոզի և հնարավոր սադրանքի դրսևորում։
Եվ կրկին քարոզ
Ադրբեջանագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան կարծում է, որ այդ «քայլերթն» Ադրբեջանի իշխանությունների հերթական քարոզչական ակցիան է` դրամատիկ էֆեկտն ուժեղացնելու նպատակով։
«2016թ.–ի ապրիլյան պատերազմի ժամանակ ևս փորձ է արվել հատել երկու կողմերի Զինված ուժերի շփման գիծը։ Արդեն այդ ժամանակ հայտարարվել էր Շուշի իրականացվող երթի մասին, և, ինչպես երևում է, չարժե լուրջ վերաբերվել նման նախաձեռնությանը, քանի որ բոլոր նման «հայրենասիրական» հայտարարություններն ավարտվում են առաջնագծի մատույցներում, որից ավելի հեռու գնալ չեն թողնում հենց ադրբեջանցիները», – ասաց նա «Նովոստի–Արմենիայի» թղթակցին։
Միգուցե ապատեղեկատվությու՞ն է
Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր հերթին համարում է, որ ադրբեջանական մամուլի հրապարակումը հերթական ապատեղեկատվություն է` հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով հայկական այն լրատվամիջոցների «օգնությամբ», որոնք կհրապարակեն այդ ապատեղեկատվությունը։
«Խոսք կարող է լինել միայն երթի մասին Բաքվից մինչև Հորադիս և ոչ ավել։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք պատրաստվում հատել առաջնագիծը, ավելին, որ այդ մասին ոչ ոք չի հայտարարել։ Եվ այստեղ հարցն անգամ քարոզը չէ», – նշեց Վրթանեսյանը։
... կամ ապակայունացման փո՞րձ
Արևելագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, ակցիան անցկացվում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության թողտվությամբ` ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
«Իշխանությունների կողմից այս նախաձեռնությանն աջակցելը վկայում է այն փաստը, որ ակցիան մեկնարկել է մի քանի օր առաջ Բաքվում, և ակտիվիստներն անարգել շարժվում են Հորադիսի ուղղությամբ` սոցցանցերում ազատորեն խոսելով միջոցառման մասին։ Նրանք մտադիր են հատել շփման գիծը` վեր պարզած ձեռքերով, ինչն ակցիային փոխանցում է հատուկ նրբություն», – ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ նման ակցիա արդեն կազմակերպվել է 2018թ.–ի սեպտեմբերին, երբ ակտիվիստները մտադիր էին անցնել առաջնագիծը` սպիտակ դրոշներով։
«Այս անգամ ակցիան անցկացվում է «Վերադառնում ենք Ղարաբաղ» նշանաբանի ներքով, ինչն ակցիային փոխանցում է ոչ այնքան քարոզի, որքան սադրանքի բնույթ։ Ակնհայտ է, որ ակտիվիստները մտադիր են հայտնվել «անվտանգ գոտում»` երկու կողմերի Զինված ուժերի տեղակայման գծերի միջև։ Սակայն այնտեղ կան ականապատ տարածքներ, հնարավոր է տրվի կրակելու հրաման», – ասաց նա։
Փորձագետը չբացառեց, որ նախորդ անգամվա պես այս անգամ ևս ադրբեջանցի իրավապահները կկանգեցնեն ակտիվիստներին և թույլ չեն տա անցնել Արցախի կողմը, սակայն այն դեպքում, եթե Երևանից հնչի կոշտ նախազգուշացում։
«Հայաստանի կոշտ արձագանքի դեպքում, հնարավոր է, Ադրբեջանի իրավապահ մարմինները կանգնեցնեն ակտիվիստներին, ինչպես դա եղավ նախորդ անգամ», – նշեց Հովհաննիսյանը։
Հակամարտության պատմությունը
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-