ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) հայտնում է, որ ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի հարավային մասում գտնվող Մակուն կամուրջը։

Կազմակերպությունը հրապարակել է տեղանքի լուսանկարը Twitter–ի իր էջում։

«Ապրիլի 8–ից հուլիսի 7–ն ընկած ժամանակահատվածում Մեծ Թաղերում գտնվող Մակուն կամուրջն ավերվել է գետի վրա իրականացվող ինժեներա–շինարարական աշխատանքների ժամանակ։ Այս փոքրիկ շինությունը դժվար է տեսնել արբանյակային լուսանկարներում, քանի որ այն ծածկված է ծառերով, բայց CHW–ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը», – նշել են Caucasus Heritage Watch–ում։

Կամարակապ միաթռիչք կամուրջը կառուցվել է կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով 1890թ.–ին` գյուղամիջով հոսող Իշխանագետի ձախակողմյա փոքր վտակի վրա։–0–