ԱՄՆ կոնգրեսականների կոչը. ճանաչել Արցախն ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ–ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
«Շուրջ մեկ ամիս է` Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիներն ու կատարում են ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանի հարձակումները հետ մղելու ընթացքում զոհվել է ավելի քան 800 (հայ) զինծառայող, զոհվել է տասնյակ խաղաղ բնակիչ», – գրել է Շիֆն իր Facebook–յան էջում։
Նրա խոսքով, ձմռան նախաշեմին Արցախի քաղաքացիական բնակչության ավելի քան կեսը ստիպված տեղափոխվել է և չունի տանիք գլխավերևում։
«Պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ–ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է պարզ հասկացնեն, որ չեն հասնի հաջողության», – ընդգծել է Շիֆը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հասկանան, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա կբախվեն հետևանքների հետ։
«Միացյալ Նահանգները մի կողմում չեն մնա։ Ես աջակցում եմ Հայաստանին, աջակցում եմ Արցախին», – գրել է Շիֆը։
Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ 4 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը երկու անգամ խախտել է կրակի դադարեցման համաձայնագրերն ու շարունակում է չընտրողական հարձակումներն արցախցիների վրա։
«Ադրբեջանի մեսիջը միանշանակ է, պատասխանը` բռնություն, ոչ թե բանակցություններ։ ԱՄՆ–ն պետք է այլ մեսիջ ուղարկի։ Եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես անկախ պետություն», – գրում է Շերմանը Facebook–յան իր էջում։
Միաժամանակ ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների գծով ազդեցիկ կոմիտեի բարձրաստիճան անդամ Բարբրա Լին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին` կոչ անելով.
- պարզ և ոչ երկիմաստ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և հասկացնել, որ եթե չլինի զսպվածության դրսևորում, ապա կասկածի տակ կհայտնվի ԱՄՆ–ի կողմից տրամադրվող օգնության շարունակությունը
- աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` կոչ անելով Ալիևի կառավարությանը դադարեցնել բոլոր հարձակումներն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի վրա և անցնել Արցախի հետ կապված կարգավիճակի ու անվտանգության հարցերի բացառապես խաղաղ լուծմանը
- աշխատել Մինսկի խմբի հետ` ստիպելով Ադրբեջանին համաձայնել շփման գծի միջազգային մոնիտորինգին, ինչպես դա նախատեսված է Ռոյս–Էնգելի առաջարկություններում
- փոխգործակցել Թուրքիայի հետ բարձր մակարդակի վրա` հասկացնելու համար, որ Ադրբեջանի գործողություններին աջակցելը վնաս է հասցնում խաղաղությանն ու տարածաշրջանային կայունությանը։–0–