ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենահնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար:
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ուղղաթիռով բժշկական թիմը մեկնել է Ստեփանակերտ` օգնության հասնելու պայթյունից տուժածներին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում